Պաստա բոլոնյեզե
Պատրաստեք պաստա բոլոնյեզե հետևյալ բաղադրատոմսով
Պաստա բոլոնյեզե Իտալական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Այսօր իտալական դասական բաղադրատոմսով ուտեստ ենք պատրաստելու` բոլոնյեզե սոուսով պաստա: Այս բաղադրատոմսը խոհարարական գրքերում հայտնվել է դեռևս 19-րդ դարի վերջին: Ինչպես հուշում է անունը` այն ծնունդով Բոլոնյա քաղաքից է:

Ինչպես պատրաստել պաստա բոլոնյեզե
Մանր կտրտած սոխը կարագի և ձիթայուղի խառնուրդի մեջ մարմանդ կրակով տապակել, ավելացնել մանր կտրտած բեկոնը, 2 րոպեից ավելացնել մանր կտրտած գազարը, նեխուրի ցողունները, սխտորը տապակել` մինչև բանջարեղենը թափանցիկ դառնա, ավելացնել հորթի աղացած միսը, միջին կրակով տապակել` մինչև միսը սպիտակի, ապա կարմիր չոր գինի լցնել, թողնել գինու ալկոհոլը գոլորշիանա: Լոլիկի պահածոն լավ տրորել, հյութն էլ հետը` լցնել մսի վրա, դափնու տերև դնել, չոր ռեհան փշրել, համեմել պղպեղով և քիչ աղ անել, քանի որ սոուսի աղը միայն վերջում է հնարավոր որոշել; Կաթսայի կափարիչը դնել, կրակը հնարավորինս իջեցնել, եփել 20-25 րոպե, ապա կես բաժակ ջրով բացած լոլիկի սոուս լցնել, խառնել, եփել ևս 20 րոպե: Կաթսայի մեջ ջուր տաքացնել աղ անել, մակարոնը եփել “ալ դենտե”: Սոուսը համտեսել, աղ ու պղպեղ անել, դափնու տերևը հեռացնել: Ջրքամած մակարոնը դնել ափսեի մեջ, վրան սոուս լցնել, “Պարմեզան” պանիր քերել: